en-UShy-AM
 
 

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտների շարքում են հայ երաժշտական մշակույթի բազմաթիվ անվանի ներկայացուցիչներ՝ կոմպոզիտորներ, դիրիժորներ, դաշնակահարներ, երգիչներ և մանկավարժներ։ Նրանց ստեղծագործական ուղիները շարունակել և շարունակում են դպրոցի բազմամյա ավանդույթները Հայաստանում և աշխարհի տարբեր բեմերում։

Յուրի Դավթյան
ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆ
1929-2020
 
Կարդալ կենսագրությունը  ›

1938-1944 թթ. սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև, 1947-1952 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և տեսության բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում՝ որպես ստաժոր։ 1953-1963 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ 1966-1974 թվականներին և 1976 թվականին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ 1973-1974 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1979 թվականից՝ պրոֆեսոր։ 1980-2000 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր։

 
 
Գագիկ Հովունց
ԳԱԳԻԿ ՀՈՎՈՒՆՑ
1930-2019
 
Կարդալ կենսագրությունը  ›

Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանում։ Կոմպոզիտորի ստեղծագործական նախասիրությունները հետևողականորեն կապված են եղել գործիքային երաժշտության ժանրերին։ Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նշանակալից են երեք ինվենցիոն ցիկլերը սիմֆոնիկ նվագախմբի համար, կոնցերտային ինվենցիաները դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտները թավջութակի և նվագախմբի համար, կոնցերտները ջութակի և նվագախմբի համար, դաշնամուրի և նվագախմբի համար։ Կամերային երաժշտության մեջ լայն ճանաչում են ստացել 30 «Ինվենցիոն պիեսները» նվագախմբային գործիքների համար դաշնամուրի նվագակցությամբ, դաշնամուրային երկու սոնատները, սոնատ-դուետը ջութակի և դաշնամուրի համար, ջութակի և դաշնամուրի սոնատը, դաշնամուրային տրիոն։ Հովունցի ստեղծագործությունները հենվում են իր իսկ ստեղծած լադա-տոնայնական համակարգի վրա։ Գ. Հովունցի գործունեության ծանրակշիռ մասն է կազմում մանկավարժական աշխատանքը Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ նա շուրջ 50 տարի դասավանդել է հարմոնիա՝ սերնդեսերունդ փոխանցելով իր մասնագիտական փորձն ու հարուստ գիտական ձեռքբերումները։

 
 
Էմին Արիստակեսյան
ԷՄԻՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
1936-1998
 
Կարդալ կենսագրությունը  ›

1961 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը, 1964 թվականին՝ ասպիրանտուրան։ 1957-1964 թթ. դասավանդել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում։ 1957 թվականից դասավանդել է նաև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1973-1986 թթ. եղել է ՀԽՍՀ, 1974 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարը։

Հիմնական ստեղծագործություններից են՝ Սիմֆոնիա (1962), «Հայաստան» պոեմը երգչախմբի համար (1963), «Պրոմեթևս» բալետը (1967, լիբրետտո Եվգենի Չանգայի, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1968), «Պոեմ Լենինի մասին» ձայնի, երգչախմբի և դաշնամուրի համար (1970), «Սահակ Պարթևի հինգ շարականները» (1971, մշակում ձայնի և դաշնամուրի համար) և այլն։ Էմին Արիստակեսյանի «Պրոմեթևս» բալետը Երևանից և ԽՍՀՄ այլ քաղաքներից բացի բեմադրվել է Լեհաստանում։

 
 
Ռուբեն Մաթևոսյան
ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1941
 
Կարդալ կենսագրությունը  ›

Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև, 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-1992 թվականներին հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից՝ նույն անսամբլի գեղարվեստի ղեկավար։ 1992-1996 թվականներին եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։ 1986 թվականին սկսել է դասավանդել Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։

Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիր է (1961, Երևան)։ ՆԵրկայում Ռուբեն Մաթևոսյանը Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավարն է։

 
 
Ռաիսա Մկրտչյան
ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆ
1942–2026
 
Կարդալ կենսագրությունը  ›

Երաժշտական կրթությունը սկսել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1963–1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։

Ուսանողական տարիներից հանդես է եկել երիտասարդական էստրադային նվագախմբերի հետ, իսկ 1968 թվականից եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Ռաիսա Մկրտչյանը դարձել է Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Մարտին Վարդազարյանի և այլ հայ կոմպոզիտորների բազմաթիվ երգերի առաջին կատարողը։

Երգչուհու կատարմամբ ձայնագրվել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Ոսկե ֆոնդում»։ Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ 2002 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2006 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։

 
 
Ռուբեն Սարգսյան
ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
1945-2013
 
Կարդալ կենսագրությունը  ›

1952-1959 թթ. սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Երկրորդ կուրսից ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։ 1972 թվականին ավարտել է Ղազարոս Սարյանի կոմպոզիտորական դասարանը։

1987 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում՝ կոմպոզիցիա և իր կողմից մշակված «Ժամանակակից երաժշտության տեխնոլոգիա» դասընթացով։

1994 թվականին եղել է «Հայկական երաժշտական ասամբլեա» հասարակական կազմակերպության հիմնադիրներից։

 
 
Կոնստանտին Պետրոսյան
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
1946
 
Կարդալ կենսագրությունը  ›

Կոմպոզիտոր, դիրիժոր

Կոնստանտին Պետրոսյանը ծնվել է 1946 թվականին Երևանում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։

1965 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ Էդուարդ Բաղդասարյանի դասարանում, իսկ 1973 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանում։

1976–1985 թվականներին դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1976–1980 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը, իսկ 1985–1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը։

1990–1993 թվականներին եղել է Հայաստանի Խաղաղության ֆոնդի նախագահի տեղակալ։ 2003 թվականից Հայկական երաժշտական համաժողովի անդամ է, իսկ 2014 թվականից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության Արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ։

Կոնստանտին Պետրոսյանը սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային և վոկալ բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Երաժշտություն է գրել նաև կինոյի և թատրոնի համար։

 
 
Սվետլանա Նավասարդյան
ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1946
 
Կարդալ կենսագրությունը  ›

Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ալավերդիում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1965–1968 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Վաչե Ումր-Շատի դասարանում, այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ նշանավոր դաշնակահար և մանկավարժ Յակով Զակի դասարանում։ 1971 թվականին ավարտել է կոնսերվատորիան, իսկ 1973 թվականին՝ ասպիրանտուրան։

Սվետլանա Նավասարդյանը միջազգային ճանաչման է արժանացել դեռևս երիտասարդ տարիներին՝ դառնալով Ռոբերտ Շումանի անվան միջազգային մրցույթի, Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթի, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի և Սիդնեյի միջազգային դաշնամուրային մրցույթի դափնեկիր։ Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում, համագործակցել ճանաչված դիրիժորների և երաժիշտների հետ։

1974 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ ՀՀ ժողովրդական արտիստ է, արժանացել է պետական բազմաթիվ պարգևների։ Սվետլանա Նավասարդյանը հայ դաշնամուրային կատարողական արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից է։

 
 
Կարինե Օհանյան
ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
1952
 
Կարդալ կենսագրությունը  ›

Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Հետագա մասնագիտական գործունեությունը կապել է դաշնամուրային կատարողական արվեստի և երաժշտական մանկավարժության հետ՝ դառնալով հայկական դաշնամուրային դպրոցի ճանաչված ներկայացուցիչներից մեկը։

Կարինե Օհանյանը երկար տարիներ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ ղեկավարել է մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնը։ Պրոֆեսոր է, ՀՀ վաստակավոր արտիստ։

Նրա մանկավարժական գործունեության ընթացքում ձևավորվել են բազմաթիվ երիտասարդ դաշնակահարներ, որոնք հետագայում շարունակել են իրենց մասնագիտական գործունեությունը Հայաստանում և արտերկրում։ Կարինե Օհանյանը պարբերաբար ընդգրկվում է հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթների մասնագիտական ժյուրիների կազմում։

 
 
Աթանես Առաքելյան
ԱԹԱՆԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
1955
Դիրիժոր, պրոֆեսոր
 
Կարդալ կենսագրությունը  ›

Աթանես Առաքելյանը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում։ Երաժշտական կրթությունը սկսել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ջութակի դասարանում։ Այնուհետև սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ մասնագիտանալով երգչախմբային և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ոլորտներում։

1985 թվականին Մոսկվայում վերապատրաստվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Մինինի դասարանում։

1984–1988 թվականներին եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի դիրիժոր։ 1988–1996 թվականներին աշխատել է Երևանի պետական երաժշտական մանկական թատրոնում՝ որպես դիրիժոր-բեմադրիչ իրականացնելով մանկական օպերային և բալետային ներկայացումներ։

1990 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 2003 թվականից՝ պրոֆեսոր։ 1993–2008 թվականներին ղեկավարել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը։

2005 թվականից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր է։ 2008 թվականից Հայաստանի երաժշտական ընկերության նախագահի տեղակալն է։

 
 
Վարդան Աճեմյան
ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ
1956
 
Կարդալ կենսագրությունը  ›

Ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Փոքր տարիքից կապված է եղել թատերական աշխարհի հետ, մշտապես լինելով պապի՝ Վարդան Աճեմյանի կողքին և շրջապատված ականավոր և տաղանդավոր արվեստագետներով։

1962–1969 թթ. սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1973-1978 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Ղազարոս Սարյանի ստեղծագործական դասարանում: Ուսանողական տարիներին գրված լավագույն ստեղծագործություններից են «Սիմֆոնիկ պոեմը», «Ժողովրդական երգերի շարանը», Պոլիֆոնիկ սոնատը։

Ուսման տարիների գեղարվեստական աճի լուրջ ապացույցը «Կիկոսի մահը» օպերան էր, որը կոմպոզիտորը ներկայացրեց որպես դիպլոմային աշխատանք։ 1981-ին ավարտում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան:

1986–1988 թվականներին դասավանդել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 1995–2003 թվականներին աշխատել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես կոմպոզիցիայի դասատու։ 1987 թվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ դասավանդում է գոծիքավորում և գործիքագիտություն, իսկ 1995 թվականից՝ նաև կոմպոզիցիա։

 
 
Բարսեղ Թումանյան
ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ
1958
 
Կարդալ կենսագրությունը  ›

Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգեցողության բաժնում (պրոֆեսոր Արշավիր Կարապետյանի դասարան)։ 1982-1983 թվականներին երգել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։ 1985 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում (պրոֆեսոր Եվգենի Նեստերենկոյի դասարան)։ 1980 թվականից եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ, այնուհետև՝ Ռուսաստանի զինված ուժերի Ալեքսանդրովի անվան անսամբլի մենակատար։ 1990 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնի «Վիգմոր» դահլիճում, որը նրան մեծ հռչակ է բերել։ 1990-ականների սկզբերին ելույթներ է ունեցել եվրոպական քաղաքներում, Ավստրալիայում, որտեղ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆելի դերի համար։ 2002-2005 թվականներին մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում։ Մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում անցկացվող հայ մշակույթի օրերին։ Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ Հանդես է եկել Քովենթ Գարդենում, Կոլոն թատրոնում, Լոս Անջելեսի, Վաշինգտոնի օպերային թատրոններում, Մետրոպոլիտեն օպերայում, Վիկտորիայի օպերային թատրոնում, Սիդնեյի օպերային թատրոնում, Մյունխենի պետական օպերային թատրոնում, Կոնսերտգեբաուում (Ամստերդամ), Վիեննայի պետական օպերայում, Բաստիլի օպերայում, Մարսելի օպերայում, Փարիզի բերսի համալիրում, Լիոնի, Աստանայի և այլ հռչակավոր օպերային և ֆիլհարմոնիկ բեմահարթակներում։

 
 
Տիգրան Հեքեքյան
ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ
1959
 
Կարդալ կենսագրությունը  ›

Խմբավար, մանկավարժ

Տիգրան Հեքեքյանը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև խմբավարության մասնագիտությամբ ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում։

Խմբավարական գործունեության ընթացքում հիմնադրել և ղեկավարել է մի շարք երգչախմբեր, այդ թվում՝ ազգային մրցույթների դափնեկիր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (1982–1988), Երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի երգչախումբը (1986–1988) և միջազգային մրցույթների դափնեկիր Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կամերային երգչախումբը (1984–2002)։

1992 թվականին հիմնադրել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։

2003–2024 թվականներին ղեկավարել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը։

 
 
Սերգեյ Բաբայան
ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆ
1961
 
Կարդալ կենսագրությունը  ›

Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Դաշնամուրի առաջին ուսուցիչներից են եղել Լուիզա Մարգարյանը և Գեորգի Սարաջևը։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Լև Նաումովի, Վերա Գորնոստաևայի և Միխայիլ Պլետնյովի ղեկավարությամբ։

1989 թվականից սկսվել է Սերգեյ Բաբայանի միջազգային կատարողական կարիերան։ Նա առաջին մրցանակների է արժանացել Քլիվլենդի, Համամացուի և Շոտլանդիայի միջազգային դաշնամուրային մրցույթներում՝ կարճ ժամանակում հաստատվելով որպես իր սերնդի ճանաչված դաշնակահարներից մեկը։

Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում, համագործակցել առաջատար նվագախմբերի, դիրիժորների և մենակատարների հետ։ Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ. նրա սաներից է աշխարհահռչակ դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը։ Սերգեյ Բաբայանը «Deutsche Grammophon» հեղինակավոր ձայնագրման ընկերության արտիստ է։

 
 
Հասմիկ Պապյան
ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
1961
 
Կարդալ կենսագրությունը  ›

Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետև սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ նախ ջութակի, ապա՝ օպերային երգեցողության մասնագիտությամբ։

Երգչուհու միջազգային կարիերայի կարևոր փուլերից էր Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայի գլխավոր դերերգի կատարումը 1993 թվականին Վարշավայում, որից հետո նա հրավիրվել է աշխատելու Բոննի օպերային թատրոնում։ Հետագա տարիներին Հասմիկ Պապյանը հանդես է եկել աշխարհի առաջատար օպերային բեմերում և համերգասրահներում՝ Միլանի «Լա Սկալայում», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում» և «Քարնեգի Հոլում», Վիեննայի պետական օպերայում, Փարիզի Բաստիլ օպերայում, Բարսելոնի «Լիսեու» մեծ թատրոնում, Մադրիդի Թագավորական թատրոնում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում և այլուր։

Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Վերդիի, Պուչինիի, Մոցարտի, Բելլինիի և այլ կոմպոզիտորների օպերային դերերգերը։ Հասմիկ Պապյանը նաև մշտապես ներկայացրել է հայկական երաժշտությունը միջազգային բեմերում։ 2004 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։

 
 
Գրիգոր Առաքելյան
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
1963
 
Կարդալ կենսագրությունը  ›

1975-1980 թթ. սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և թավջութակի բաժինները։ Ավարտելուց հետո նա իր գործունեությունը շարունակել է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության ժանրերում։ Գրիգոր Առաքելյանի մշակումները և ստեղծագործությունները հնչում են տարբեր երկրներում՝ բազմաթիվ հայկական համույթների կատարմամբ։

1993թ. հայ անվանի վինագործ Մարտին Երիցյանի օգնությամբ ստեղծել է հայ նվագարանի մի նոր տեսակ՝ թավ քեմանի, կամ հայկական վիոլա, որն ունի հայ հոգեւոր երաժշտությանը բնորոշ ինքնատիպ հնչողություն։ Այս նվագարանով աշխարհի հայտնի բեմերում հնչել են մեր միջնադարյան երաժշտության այնպիսի գոհարներ, ինչպիսին են՝ Նարեկացու "Գոհար վար" եւ "Աչքն ծով" տաղերի մշակումները, Մաշտոցի Ապաշխարութեան շարականները եւ այլն։

Համագործակցում է աշխարհի տարբեր նվագախմբերի և երգչախմբերի հետ որպես դիրիժոր և մենակատար (Նիդերլանդներ, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Հայաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Պորտուգալիա)։

 
 
Էդուարդ Թոփչյան
ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ
1971
 
Կարդալ կենսագրությունը  ›

Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետև սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես ջութակահար, պրոֆեսոր Վիկտոր Խաչատրյանի դասարանում։ Դիրիժորական արվեստում կատարելագործվել է անվանի հայ դիրիժոր Օհան Դուրյանի ղեկավարությամբ, մասնագիտական խորհրդատվություններ ստացել նաև աշխարհահռչակ դիրիժորներ Գեորգ Շոլթիից, Կլաուդիո Աբբադոյից և Նելլո Սանտիից։

1991 թվականին հիմնադրել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որը կարճ ժամանակում ճանաչում է ձեռք բերել Հայաստանում և արտերկրում՝ հանդես գալով հարյուրավոր համերգներով եվրոպական երկրներում և արժանանալով միջազգային մրցույթների մրցանակների։

2000 թվականին Էդուարդ Թոփչյանը նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Նրա ղեկավարությամբ նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ միջազգային հյուրախաղերով և հեղինակավոր փառատոներում։ Որպես հրավիրյալ դիրիժոր՝ համագործակցել է եվրոպական և այլ երկրների բազմաթիվ առաջատար սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Էդուարդ Թոփչյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է։

 
 
Նարեկ Հախնազարյան
ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ
1988
Թավջութակահար
 
Կարդալ կենսագրությունը  ›

Նարեկ Սուրենի Հախնազարյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում։ Հայ թավջութակահար է, Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)։ Ջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին է։

Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ 2006 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը և ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա։

Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլուր։ «The Washington Post»-ը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»։ ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։

Հախնազարյանը հաղթել է տարբեր մրցույթներում, այդ թվում՝ 2011 թվականին հաղթել է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում։