Հոկտեմբերի 31-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները հյուրընկալվեցին Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:
Ծրագիրը մեկնարկեց Պերճ Պռոշյանի տուն-թանգարան այցելությամբ, այնուհետև Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ սոլֆեջոյի բաց դասը, որը վարեց մեր բազմահմուտ մասնագետ Մելինե Սելվինազյանը: Արագածոտնի մարզի մի շարք երաժշտական և արվեստի դպրոցների սաներ և մանկավարժներ ներկա գտնվեցին բաց դասին, որին հաջորդեց համերգային ծրագիրը:
Համերգը բացվեց Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի ողջույնի ելույթով, որից հետո, հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացած համերգային կատարումներով ելույթ ունեցան Երևանից ժամանած պատանի երաժիշտները:
2019 թվականից Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագիրը, որն արդեն միավորում է հանրապետության ավելի քան 60 երաժշտական և արվեստի դպրոցներ, կարևոր դերակատարություն է ստանձնել մեր մշակութային կյանքում: Երևանի և մարզերի մշակութային կրթության հաստատությունների համագործակցության շնորհիվ իրականացվում են համատեղ ստեղծագործական նախագծեր, փորձի փոխանակման, մեթոդական աջակցության, վարպետաց դասերի ծրագրեր, երեխաների համար կազմակերպվում են գեղագիտական զարգացման և հայրենաճանաչության բազմաթիվ միջոցառումներ: