Նաիրի Գրեյս Բարդակջյան
Լունարա Գրիգորյան
Նաիրի Գրեյս Բարդակջյան
Նաիրի Գրեյս Բարդակջյանը մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ խմբավարություն մասնագիտությամբ, ավարտելով բակալավրիատը և ասպիրանտուրան պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի դասարանում։ Ուսումնասիրել է նաև սիմֆոնիկ դիրիժորություն՝ պրոֆեսոր Արամ Ղարաբեկյանի, և կամերային վոկալ՝ պրոֆեսոր Լարիսա Մկրտչյանի դասարաններում։
2001 թվականից աշխատում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ զբաղվելով երգչախմբային արվեստի դասավանդմամբ և մանկական երգչախմբերի ղեկավարությամբ։
2008 թվականին Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացված Համաշխարհային երգչախմբային խաղերում նրա գեղարվեստական ղեկավարությամբ հանդես եկող «Ավետիս» երգչախումբն արժանացել է երեք ոսկե մեդալի և ժամանակակից երաժշտության անվանակարգում նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ ներկայացնելով հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երգչախմբերի հետ մասնակցել է տարբեր մրցույթների՝ արժանանալով մի շարք մրցանակների, այդ թվում՝ առաջին մրցանակի։
Երաժշտական գործունեությանը զուգահեռ դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի՝ անգլերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդաբանության ամբիոնում։ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատական համակարգում լիցենզավորված թարգմանչուհի է, ինչպես նաև «Գրեյսֆուլ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը։
Լունարա Գրիգորյան
Լունարա Գրիգորյանը (Համբարձումյան) ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը։
Բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ խմբավարություն մասնագիտությամբ։ Ուսումը շարունակել է մագիստրատուրայում՝ պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի դասարանում։
Երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես երգչախմբի խմբավար։ Նրա նախաձեռնությամբ Արցախի Վանք գյուղում ստեղծվել է մանկական երգչախումբ։
Արցախում նախաձեռնել և կազմակերպել է Ազգային երգի և պարի փառատոն՝ շուրջ 300 աշակերտի մասնակցությամբ։
Ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է «Սայաթ-Նովա» մեդալով։
Ներկայումս Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի խմբավար է։