Յանա Դարյանն ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Սերգեյ Խաչատրյանի դասարանում։ Ուսումը շարունակել է Շվեյցարիայի Բեռնի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում (Hochschule für Musik und Theater Bern)՝ պրոֆեսորներ Հարթմութ Ռոդեի և Քրիստոֆ Շիլլերի ղեկավարությամբ։
Մասնագիտական կատարելագործման ընթացքում մասնակցել է Վալտեր Լևինի, Թոմաս Կակուշկայի և Բրունո Կանինոյի վարպետության դասերին։
Հանդես է եկել Բեռլինի, Զալցբուրգի, Սանկտ Մորիցի, Բեռնի և եվրոպական այլ քաղաքների երաժշտական փառատոներում։ Մասնակցել է նաև Երևանում անցկացվող մի շարք փառատոների, այդ թվում՝ Ազգային պատկերասրահի, Բարոկկո երաժշտության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային երաժշտական փառատոներին։
1990–2010 թվականներին եղել է «Սերենադ» կամերային նվագախմբի մենակատար ալտահարը։ Ալտի համար գրված մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողն է։
Որպես կամերային երաժիշտ՝ «Սերենադ», «Նարեկացի», շվեյցարական «Esprit» և «Trio E-Grazia» անսամբլների կազմում հանդես է եկել եվրոպական տարբեր բեմերում։ Նվագել է նաև Berner Kammerorchester, Schweizer Kammerorchester, Orchestre Symphonique Neuchâtelois, Berner Sinfonietta և այլ նվագախմբերի կազմում։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ է։ Աշխատել է նաև Գերմանիայի Sinfonieorchester Bochum և Philharmonie Essen նվագախմբերում։
Համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Երվանդ Երկանյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Վաչե Շարաֆյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Միխայիլ Կոկժաևի և Միխայիլ Բրոնների հետ։ Հանդես է եկել նաև անվանի երաժիշտներ Վոլֆգանգ Մայերի, Դիմուտ Պոպպենի, Դայշին Կաշիմոտոյի, Ալեքսանդր Չաուշյանի, Յուրի Ժիսլինի, Նատալյա Լոմեյկոյի, Ալեքսանդր Սիտկովեցկու, Արամ Թալալյանի, Սուրեն Շահիջանյանի, Լևոն Չիլինգիրյանի, Կարոլին Վիդմանի և այլոց հետ։
2020 թվականից մասնակցել է կամերային երաժշտության մի շարք նախագծերի, այդ թվում՝ «Դասականը բոլորի համար», «Tet-A-Tet» և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կամերային համերգաշարին։
2020 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում։