en-UShy-AM
Դաշնամուրային բաժին
Դաշնամուրի դասարան
Լուսանկար
Հասմիկ Անչարակյան
Դաշնամուրի դասատու
Կենսագրություն ↓

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ գերազանցության դիպլոմով, սովորելով ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Էլեոնորա Ոսկանյանի դասարանում։

Կոնսերվատորիան ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տաթևիկ Սազանդարյանի դասարանում՝ որպես կոնցերտմայստեր, հետագայում նաև ծավալել մանկավարժական գործունեություն։

Երևանի Սայաթ-Նովայի և Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում աշխատելու տարիներին արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիպլոմների և շնորհակալագրերի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պատվոգրերի։

2024 թվականին արժանացել է «Դպրոցի լավագույն ուսուցիչ» կոչման և պարգևատրվել մեդալով, իսկ 2025 թվականին «Ալաթոնե» միջազգային մրցույթում ստացել է «Լավագույն ուսուցիչ» դիպլոմ։

Հանրապետական և միջազգային մի շարք մրցույթներում արժանացել է դիպլոմների՝ լավագույն կոնցերտմայստերական ելույթի համար։ Նրա սաները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների՝ արժանանալով մրցանակների։

Տարիներ շարունակ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում նախաձեռնում և կազմակերպում է դասատուների համերգներ՝ հանդես գալով նաև որպես կատարող։

Լուսանկար
Արուսյակ Կոստանյան
Դաշնամուրի դասատու
Կենսագրություն ↓

Արուսյակ Կոստանյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է։

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում մանկավարժական գործունեությանը զուգահեռ դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դոցենտ։ ՀՊՄՀ-ում գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցորդ է։

Հեղինակ է դաշնամուրային փոխադրումների երեք ժողովածուների, որոնցից մեկը նախատեսված է որպես դաշնամուրային ուսումնական ձեռնարկ։ Նրա հեղինակությամբ հրատարակվել են նաև կոմպոզիտորներ Արթուր Գրիգորյանի և Մարինե Ալեսի երգերի կլավիրները։

Անգին Համբարփումյանի հետ համահեղինակությամբ ստեղծել է «Դարինե» մանկական մյուզիքլը։

Ակտիվ համերգային գործունեություն է ծավալում՝ հանդես գալով «Հայրեն» ազգային երգի երգչախմբի և նվագախմբի հետ։

Լարային բաժին
Ջութակի դասարան
Լուսանկար
Արման Գրիգորյան
Ջութակի դասատու, կամերային նվագախմբի ղեկավար
Կենսագրություն ↓

Արման Գրիգորյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի դասարանում։ Հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր է, եղել է «Նոր անուններ» հիմնադրամի անդամ։

«Վան» լարային քառյակի կազմում մասնակցել է միջազգային մրցույթների և փառատոների Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ռուսաստանում, այդ թվում՝ Մոսկվայի Շոստակովիչի անվան լարային քառյակների մրցույթին։

Որպես հրավիրյալ երաժիշտ հանդես է եկել Կովկասյան կամերային նվագախմբի կազմում՝ դիրիժոր Ուվե Բերկեմերի ղեկավարությամբ։ Մինչև 2023 թվականը եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակահարներից մեկը։

2013 թվականից զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ Տարբեր երաժշտական դպրոցներում հիմնել է աշակերտական նվագախմբեր և համույթներ, հեղինակել մի շարք գործիքավորումներ։ Նրա սաները «Վերածնունդ», «ԱրտՄյուզիք» և «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթների դափնեկիրներ են։

Դիրիժորական հմտությունները կատարելագործել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ղեկավարում է կամերային նվագախումբը՝ նպաստելով աշակերտների անսամբլային կատարողական հմտությունների զարգացմանը և համատեղ երաժշտական գործունեությանը։

Կիթառի դասարան
Արամ Խաչատուրյան
Արամ Խաչատուրյան
Կիթառի դասատու
Կենսագրություն ↓

Արամ Խաչատուրյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսում՝ պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանի դասարանում։

Մանկավարժական գործունեությանը զուգահեռ հանդես է գալիս Արցախի պետական ջազ նվագախմբի կազմում։

Փողային և հարվածային բաժին
Սաքսոֆոնի դասարան
Արման Մուրադյան
Արման Մուրադյան
Սաքսոֆոնի դասատու
Կենսագրություն ↓

Արման Մուրադյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարանում։

Մասնագիտական կրթությունը շարունակել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան-Դենի Միշայի դասարանում։

Ֆլեյտայի դասարան
Լիլիթ Պերիխանյան
Լիլիթ Պերիխանյան
Ֆլեյտայի դասատու
Կենսագրություն ↓

Լիլիթ Պերիխանյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Գայանե Մուրադյանի դասարանում։ 2023 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 2023–2025 թվականներին նույն դասարանում շարունակել է ուսումնառությունը կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետության լրացուցիչ դասընթացների շրջանակներում։

2022 թվականին արժանացել է «Մոցարտ-2022» երաժիշտ-կատարողների միջազգային IV մրցույթի առաջին մրցանակին։

Որպես ֆլեյտահար՝ հանդես է եկել մենակատարի, անսամբլի և նվագախմբի երաժշտի կարգավիճակով։ Մասնակցել է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնին, «ART ՇԱԲԱԹ-2024», «Ազգային մշակույթի պահապաններ» և «Արվեստի պահապաններ» մշակութային ծրագրերին։ Համերգներով հանդես է եկել «Դանիելյան Ֆոլք Բենդի» կազմում, իսկ 2025 թվականին մենահամերգ է ունեցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում։

2021 թվականին եղել է «Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ ֆլեյտահարը։

2018 թվականից զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ 2024 թվականից Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասատու է։

Ազգային նվագարանների բաժին
Քանոնի դասարան
Ազնիվ Մինասյան
Ազնիվ Մինասյան
Քանոնի դասատու
Կենսագրություն ↓

Ազնիվ Մինասյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնուհետև ուսումը շարունակել ասպիրանտուրայում՝ պրոֆեսոր, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի դասարանում։

Միջազգային մրցույթների դափնեկիր է։ Շուրջ 25 տարի եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի առաջին քանոնահարը։

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։

ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է պատվոգրերի՝ հայկական ժողովրդական մշակույթի պահպանման և տարածման գործում ակտիվ մասնակցության, ինչպես նաև հայ ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Լուսանկար
Գոհար Բալյան
Քանոնի դասատու
Կենսագրություն ↓

Գոհար Բալյանն ավարտել է Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգի և քանոնի բաժինները։ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժինը, իսկ 2022 թվականին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ստացել է երաժշտական կրթության մագիստրոսի աստիճան։

2010 թվականից Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար-քանոնահար է։

2007 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանին՝ հասնելով եզրափակիչ փուլ։

2008 թվականին, որպես Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի լավագույն շրջանավարտ, Լոնդոնում ներկայացրել է հայկական քանոն նվագարանը։

2022 թվականից դասավանդում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։

Երգեցողության բաժին
Ակադեմիական երգեցողության դասարան
Լիլիթ Սիմոնյան
Լիլիթ Սիմոնյան
Ակադեմիական երգեցողության դասատու
Կենսագրություն ↓

Լիլիթ Սիմոնյանն ավարտել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը՝ պրոֆեսոր Ռուզաննա Բաղդասարյանի դասարանում։ Ստացել է օպերային և կամերային երգչուհու, դասատուի որակավորում։

Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է։

2008 թվականից դասավանդում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ որպես ակադեմիական երգեցողության դասատու։ 2022–2025 թվականներին ղեկավարել է դպրոցի վոկալ բաժինը։

2011 թվականից «Ունիսոն» հասարակական կազմակերպության «Փարոս» կամերային երգչախմբի մենակատար և սոպրանո է։

Որպես մենակատար և երգչախմբերի անդամ՝ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում։

Երգեցողության դասարան
Լիլի Մարկոսյան
Լիլի Մարկոսյան
Երգեցողության դասատու
Կենսագրություն ↓

Լիլի Մարկոսյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանի դասարանում, այնուհետև ուսումը շարունակել ասպիրանտուրայում՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ։

Մասնագիտական կրթությունը շարունակել է նաև Լեհաստանում՝ Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում, պրոֆեսոր Իոլանտա Յանուտիկի դասարանում։

Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես Ակադեմիական երգեցողության ամբիոնի դոցենտ և Կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի ուսումնական ասիստենտ։

Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և Լեհաստանում։

Տեսական բաժին
Երաժշտատեսական առարկաների դասարան
Լուսանկար
Աննա Հարությունյան
Երաժշտատեսական առարկաների դասատու, արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Կենսագրություն ↓

Աննա Հարությունյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ երաժշտագիտություն մասնագիտությամբ։ Կոմպոզիցիա է ուսումնասիրել անվանի կոմպոզիտորներ Ստեփան Լուսիկյանի և Միխայիլ Կոկժաևի մոտ։

2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Պոլիֆոնիկ գրելաոճի որոշ առանձնահատկությունները 20-րդ դարի 2-րդ կեսի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում» թեմայով՝ ստանալով արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։

1993 թվականից զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ 2004 թվականից դասավանդում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։

Հեղինակ է շուրջ 40 գիտական հոդվածների և ուսումնամեթոդական աշխատանքների։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ հեղինակել է երաժշտական դպրոցների 1–7-րդ դասարանների համար նախատեսված սոլֆեջոյի աշխատանքային տետրեր, ուսումնական ձեռնարկներ և մեթոդական նյութեր։

Խմբավարության և երգչախմբային դասարան
Լունարա Գրիգորյան
Լունարա Գրիգորյան
Երգչախմբի խմբավար
Կենսագրություն ↓

Լունարա Գրիգորյանը (Համբարձումյան) ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը։

Բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ խմբավարություն մասնագիտությամբ։ Ուսումը շարունակել է մագիստրատուրայում՝ պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի դասարանում։

Երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես երգչախմբի խմբավար։ Նրա նախաձեռնությամբ Արցախի Վանք գյուղում ստեղծվել է մանկական երգչախումբ։

Արցախում նախաձեռնել և կազմակերպել է Ազգային երգի և պարի փառատոն՝ շուրջ 300 աշակերտի մասնակցությամբ։

Ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է «Սայաթ-Նովա» մեդալով։

Ներկայումս Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի խմբավար է։

Թամարա Գալստյան
Թամարա Գալստյան
Խմբավար
Կենսագրություն ↓

Թամարա Գալստյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

Երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է հանրապետական մրցույթի դափնեկրի կոչման։

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ղեկավարում է «Փաթիլներ» երգչախումբը՝ նպաստելով սաների երգչախմբային կատարողական հմտությունների զարգացմանը։