en-UShy-AM
 
 
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը՝ 1950-ականներին
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը՝ 1950-ականներին
Հիմնադրում և առաջին տարիներ
1934–1940

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը Հայաստանի երաժշտական կրթության բազմամյա ավանդույթներ ունեցող հաստատություններից է։ Դպրոցի պատմությունը սկիզբ է առնում 1934 թվականից, երբ փոքրիկ երաժշտական ստուդիան հիմք դրեց մի կրթօջախի, որի շրջանավարտներից շատերը հետագայում նշանակալի տեղ զբաղեցրին Հայաստանի և միջազգային երաժշտական կյանքում։

1934 թվականի սեպտեմբերի 1-ին Լուսաշխի տանը իր գործունեությունը սկսեց լուսավորության աշխատողների երեխաների համար ստեղծված երաժշտական ստուդիան։ Դրա նախաձեռնողն ու կազմակերպիչը երաժշտական կրթության գործիչ Վարդուհի Զաքարյանն էր։

Առաջին ուսումնական տարում ստուդիա ընդունվեց շուրջ 50 երեխա։ 1936 թվականին սովորողների թիվը հասավ 80-ի, իսկ 1939 թվականին՝ շուրջ 200-ի։ Տարիների ընթացքում ընդլայնվեց նաև մանկավարժական կազմը՝ ստեղծելով երաժշտական կրթության հետագա զարգացման անհրաժեշտ պայմանները։

 
 
 
1940 թ. դպրոցի առաջին շրջանավարտները
1940 թ. դպրոցի առաջին շրջանավարտները (կենտրոնում՝ տնօրեն Վարդուհի Զաքարյան)
Երաժշտական դպրոցի ձևավորում
1940–1959

1940 թվականին երաժշտական ստուդիան վերակազմավորվեց № 2 յոթնամյա մանկական երաժշտական դպրոցի, իսկ 1945 թվականին անվանակոչվեց Սայաթ-Նովայի անունով։ Դպրոցի տնօրեն նշանակվեց Վարդուհի Զաքարյանը, իսկ ուսումնական մասի վարիչ՝ Ելենա Մադաթյանը։

Հետագա տարիներին դպրոցն ընդլայնեց իր կրթական հնարավորությունները։ 1948 թվականին բացվեց փողային բաժինը՝ շեփորի, գալարափողի և կլարնետի դասարաններով։ 1949 թվականին հիմնադրվեց դպրոցի մասնաճյուղը, որը հետագայում դարձավ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

Դպրոցի զարգացման կարևոր հանգրվաններից էր նոր շենքի կառուցումը, որը մեկնարկեց 1955 թվականին։ 1959 թվականի սեպտեմբերի 1-ին դպրոցը նոր ուսումնական տարին սկսեց արդեն նոր շենքում՝ համերգային դահլիճներով և մասնագիտական դասասենյակներով։

Նոր կրթական միջավայրը հնարավորություն ընձեռեց ընդլայնելու ուսումնական և համերգային գործունեությունը։

 
 
 
Պատմական լուսանկար
ՀՀ վաստակավոր ուսուցիչ Սերինե Խաչատրյանը իր շրջանավարտ Արմեն Մանուկյանի հետ։
Դաշնամուրային բաժնի դասատուները
Դաշնամուրային բաժնի դասատուներ՝ Ջեմմա Իոանիսյան, Սվետլանա Կոսարևա, Էլեոնորա Տեր-Գաբրիելյան, Ելենա Սահակյան, Նաիրա Գրիգորյան, Հասմիկ Ջալաքյան, Իրինա Բադալյան, Ալիսա Հակոբյան
Ավանդույթների ձևավորում և մասնագիտական զարգացում
1959–2003

1960-ական թվականներին դպրոցն արդեն ձևավորել էր երաժշտական կրթության հարուստ ավանդույթներ և ճանաչված մանկավարժական կազմ։

1967 թվականին դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնեց վաստակաշատ մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանը, որը ղեկավարեց հաստատությունը մինչև 2003 թվականը։

Այս շրջանում դպրոցը նշանակալի հաջողությունների հասավ՝ դառնալով մշակութային կրթության ոլորտի առաջատար հաստատություններից մեկը։ Աշակերտներն ու մանկավարժները մասնակցում էին համերգների, ստուգատեսների և մրցույթների։

Դպրոցը ստեղծագործական կապեր հաստատեց Թբիլիսիի, Կիևի և Մոսկվայի երաժշտական հաստատությունների հետ։ Իրականացվում էին փոխադարձ այցելություններ, համերգներ և մասնագիտական փորձի փոխանակման ծրագրեր։

Տասնամյակների ընթացքում ձևավորվեցին մանկավարժական ավանդույթներ, որոնք փոխանցվեցին ուսուցիչների և աշակերտների հաջորդ սերունդներին՝ նպաստելով դպրոցի մասնագիտական հեղինակության ամրապնդմանը։

 
 
 
Դաշնամուրային բաժնի դասատուները
Դաշնամուրային բաժնի դասատուներ՝ Նատալյա Ռորա, Լոլա Խանջյան, Անահիտ Նաղդյան, Նելլի Մարտիրոսյան, Մարինա Միրաքովա, Նաիրա Տեր-Սարգսյան
Դպրոցի մանկավարժական կազմը
1961 թ. դպրոցի մանկավարժական կազմը (կենտրոնում՝ տնօրեն Սաթենիկ Ասլամազյան, ուսմասվար՝ Պետրոս Հայկազյան)
1961 թ. դպրոցի լարային բաժնի կազմը
1961 թ. դպրոցի լարային բաժնի կազմը (կենտրոնում՝ տնօրեն Սաթենիկ Ասլամազյան, ուսմասվար՝ Պետրոս Հայկազյան)
Պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանն իր աշակերտ Վլադիմիր Խաչատրյանի հետ
Պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանն իր աշակերտ Վլադիմիր Խաչատրյանի հետ
Լուիզա Մարգարյանն իր աշակերտ Սերգեյ Բաբայանի հետ
Լուիզա Մարգարյանն իր աշակերտ Սերգեյ Բաբայանի հետ
Սեդա Ղամբարյանն իր աշակերտ Դավիթ Ազարյանի հետ
Սեդա Ղամբարյանն իր աշակերտ Դավիթ Ազարյանի հետ
Ստեղծագործական գործունեության նոր փուլ
2003–2024

2003 թվականին դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնեց խմբավար, մանկավարժ Տիգրան Հեքեքյանը։

Այս տարիներին դպրոցը շարունակեց զարգացնել իր կրթական և համերգային գործունեությունը՝ կարևորելով աշակերտների մասնագիտական պատրաստվածությունը, ստեղծագործական կարողությունների զարգացումը և բեմական փորձի ձեռքբերումը։

Առանձնահատուկ նշանակություն ստացան մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված ծրագրերն ու աշակերտների համատեղ ստեղծագործական աշխատանքը։ Դրանց արդյունքներն արտահայտվեցին դպրոցի համույթների, երգչախմբերի և նվագախմբերի բարձրակարգ ելույթներում։

Դպրոցն այսօր
2024 թվականից

2024 թվականից Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը ղեկավարում է Գարիկ Նազարյանը։

Դպրոցի զարգացման ներկա փուլում առաջնահերթ նշանակություն ունեն կրթության որակի բարձրացումը, ուսումնական միջավայրի արդիականացումը, աշակերտների ստեղծագործական ներուժի բացահայտումը և միջազգային համագործակցության ընդլայնումը։

Դպրոցը շարունակում է զարգացնել իր կրթական և ստեղծագործական գործունեությունը՝ պահպանելով տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթները և միաժամանակ ստեղծելով նոր հնարավորություններ երաժիշտների հաջորդ սերունդների համար։

Իրականացվում են բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր, նախաձեռնվում են նաև համապետական նշանակության նոր նախագծեր։ Դրանցից է «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան, որն առաջին անգամ անցկացվեց 2025 թվականին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվում են նաև երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական աշխատանքների հրատարակման ծրագրեր։ 2026 թվականին դպրոցի մանկավարժական կազմի մասնակցությամբ լույս տեսան «Սոլֆեջո» և «Երաժշտական գրականություն» առարկաների ուսումնական ծրագրերը։ Հրատարակության են պատրաստվում նաև «Երաժշտական գրականություն. մաս 4» և «Թելադրություններ» դասագրքերը։

2025 և 2026 թվականներին դպրոցը երկու տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ և 17-րդ մրցույթ-փառատոներում։

Ընդլայնվում են նաև միջազգային համագործակցության հնարավորությունները։ 2026 թվականին դպրոցի կամերային նվագախումբը մասնակցեց Հունաստանի Միտիլինի քաղաքում անցկացված երաժշտական դպրոցների 3-րդ միջազգային փառատոնին։

Անվանի շրջանավարտներ
 

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտներից շատերը հետագայում դարձել են ճանաչված երաժիշտներ, կատարողներ, դիրիժորներ, մանկավարժներ և մշակույթի գործիչներ։

Դպրոցի անվանի շրջանավարտների թվում են Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Բաբայանը, Հասմիկ Պապյանը, Տիգրան Հեքեքյանը, Էդուարդ Թոփչյանը, Նարեկ Հախնազարյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Կարինե Օհանյանը, Էմին Արիստակեսյանը և բազմաթիվ այլ արվեստագետներ։

Նրանց մասնագիտական գործունեությունն ու ձեռքբերումները դպրոցի կրթական ավանդույթների շարունակականության վկայությունն են։

Այսօր էլ դպրոցը շարունակում է իր առաքելությունը՝ երաժշտության միջոցով կրթելով, զարգացնելով և ոգեշնչելով նոր սերունդներին։

Էջում ներկայացված պատմական լուսանկարները՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ֆոտոարխիվից։
Դպրոցի տնօրեններ
 
 
Նախկին տնօրեններ
 
Վարդուհի Զաքարյան
 
ՎԱՐԴՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ
1934–1944
Ռաիսա Սարկիսովա
 
ՌԱԻՍԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ
1944–1950
Սաթենիկ Ասլամազյան
 
ՍԱԹԵՆԻԿ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ
1950–1967
Պետրոս Հայկազյան
 
ՊԵՏՐՈՍ ՀԱՅԿԱԶՅԱՆ
1967–2003
Տիգրան Հեքեքյան
 
ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ
2003–2024